Հոդվածներ
Որքա՞նով է նպատակահարմար փոխել օրիորդական ազգանունը ամուսնությունից հետո
Հարց. Օրիորդական ազգանունը ամուսնու ազգանունով փոխելու դեպքում նախկինում ստացած փաստաթղթերը շարունակո՞ւմ են օրինական ուժ ունենալ, թե դրանք էլ պետք է փոխվեն: Կա՞ ինչ-որ տեղեկանքի կամ այլ փաստաթղթի անհրաժեշտություն, որով կապացուցվի դրանց օրինականությունը, և արդյո՞ք հնարավոր է ամուսնալուծությունից հետո կրկին վերադառնալ օրիորդական ազգանվանը։
Հարցին պատասխանում են Արատտա իրավախորհրդատվական ընկերությունից
Պատասխան. Անդրադառնալով ամուսնու ազգանվան ընտրության դեպքում նախկինում ստացված փաստաթղթերի օրինական ուժ ունենալու հարցին՝ որպես առավել էական ցանկանում եմ մասնավորապես առանձնացնել անձնագրի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված իրավունքի պետական գրանցման վկայականների և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի փոփոխման հարցերին։
Հարկ է նկատել, որ նշված իրավահարաբերությունները կարգավորվում են համապատասխանաբար «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23 հունիսի 2005 թվականի №941-Ն որոշմամբ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով և «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և «Միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 22 հունիսի 2010 թվականի №609-Ն հրամանով։
Առավել ըմբռնելի ներկայացնելու համար հարկ ենք համարում անդրադառնալ նշված փաստաթղթերի փոփոխման կարգին առանձնին-առանձին։ Մասնավորապես՝ անձնագրի փոփոխման հարցի կապացությամբ նշենք, որ անվան կամ ազգանվան փոխման դեպքում այդ մասին պետական գրանցում կատարելուց հետո քաղաքացու անձնագրի առաջին էջում դրվում է դրոշմակ` «Անձնագիրը ենթակա է փոխման»՝ նշելով փոխման դիմում տալու վերջնաժամկետը, որ կազմում է 15 օր։ Նշվածից հետևում է, որ 15 օրյա ժամկետում քաղաքացին պետք է ետամուտ լինի փոխելու իր անձնագիրը, ինչը կազմակերպվում է անձնագրերի փոփոխման նույն ընթացակարգով։
Չնայած այն բանին, որ նշված որոշումը չի վկայակոչում նույնականացման քարտի փոփոխման անհրաժեշտությունը, այնուամենայնիվ կարծում ենք, որ նշված կարգավորումները տարածվում են նաև նույնականացման քարտի փոփոխման հարցին։ Ինչ վերաբերում է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված իրավունքի պետական գրանցման վկայականների փոփոխմանը, ապա այս մասով ևս առկա է իրավական հնարավորություն։
Հարկ է նկատել, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե գնում է նոր գրանցման այլ փոփոխման գրանցման մասին։ Մասնավորապես՝ նման դեպքերում այդ փոփոխությունների գրանցումն իրականացնող լիազոր մարմինների կողմից ֆիզիկական անձանց անվան փոխման կամ իրավաբանական անձանց անվանման փոփոխության պետական գրանցման վկայականի կամ նման գրանցումը հաստատող այլ փաստաթղթի հիման վրա, գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի ներկայացմամբ, գրանցման մատյանում կատարվում է համապատասխան տվյալների փոփոխություն՝ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտին տրամադրելով նոր գրանցման վկայական՝ կատարված փոփոխության վերաբերյալ նշումով: Բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի փոփոխման մասով նշենք, որ ազգանունը (անունը, հայրանունը) փոխած անձինք կարող են իրենց բարձրագույն և մասնագիտական հետբուհական կրթության ավարտական փաստաթղթերը փոխարինել նորերով:
Փոխարինումը կատարվում է Բուհի ռեկտորատի որոշմամբ՝ անձի դիմումի և նշված փոփոխումները հաստատող փաստաթղթերի հիման վրա, որոնք պահվում են դիմողի անձնական գործում: Նախկին ազգանունով (անունով, հայրանունով) փաստաթղթերը հետ են վերադարձվում Բուհ և սահմանված կարգով ոչնչացվում:
Այժմ անդրադառնանք երկրորդ՝ ամուսնալուծությունից հետո օրիորդական ազգանվան վերականգնման հարցին։
Նշենք, որ այս մասով ևս օրենսդիրը նման իրավական հնարավորություն նախատեսել է։ Մասնավորապես՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը։ Նույնաբովանդակ դրույթ սահմանված է նաև, «Անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 17 օգոստոսի 1999 թվականի №1303 հրամանով հաստատված ցուցումների 2-րդ կետով։ Նույն կետով հստակ սահմանված է նաև թե՛ համապատասխան դիմում ներկայացնելու կարգը, ձևը, և թե՛ փոփոխություններ կատարելու ժամկետները։