Հոդվածներ
DJ Ջիլբերը Սպիտակցի Հայկոյի հետ համատեղ նոր տեսահոլովակ կթողարկի
Մեր հայրենակից, ամերիկաբնակ տաղանդավոր DJ Ջիլբերը շուտով հանրության դատին կհանձնի Սպիտակցի Հայկոյի հետ համատեղ աշխատանքը: Տեսահոլովակը նկարահանվել է «Կյանք ջան» երգի հիման վրա, որը վերջին ամիսներին հիթ է դարձել ինչպես հայ, այնպես էլ օտարերկյա երաժշտասեր հասարակության շրջանում:
«Երգը սիրո մասին է, այն ներկայացնում է բաժանված սիրահար զույգի առօրյա կյանքը, ինչպես են շարունակում ապրել իրարից հեռու, անսանձ կարոտով: Եվ ահա մի օր պատահաբար նրանց ճանապարհները խաչվում են,-պատմում է DJ Ջիլբերը և հավելում,-արդյո՞ք մեր հերոսների սիրո պատմությունը կունենա դրական հանգուցալուծում, թե ոչ, թողնում ենք լսարանի երևակայությանը»:
Տեսահոլովակը նկարահանվել է «Untamed Production»-ի կողմից: Տեսահոլովակի պրոդյուսեր, ամերիկաբնակ Վարդան Հակոբյանը բացում է փակագծերը՝ երգը ստեղծվել է DJ Ջիլբերի անձնական կյանքի հիման վրա: Նա նաև մանրամասներ է ներկայացնում տեսահոլովակի ստեղծման շարժառիթների մասին. «Ապրելով օտար հողում՝ ես շատ եմ կարևորում Հայաստանի հետ կապը, հայրենիքիս համար արվող յուրաքանչյուր գործ ինձ համար մեծագույն պարտականություն է, ուստի որոշեցինք համագործակցել մեր հայրենակիցների հետ և ժամանակակից ոճում ներկայացված տեսահոլովակի նկարահանումներն իրականացնել Երևանում»:
Երաժշտության հեղինակը հենց DJ Ջիլբերն է, երգը գրված է երգահան Bomba Lia-ի հետ համատեղ: Գործիքավորումը կատարել է Արայիկ «MG» Մուրադյանը: Երիտասարդ DJ-ն իր ստեղծագործությունը նվիրում է բոլոր սիրահարներին, իսկ նրանց, ովքեր դեռ չեն հանդիպել, մաղթում է գտնել իրենց կյանքի մեծ սերը և պահպանել այն:
«Կյանք ջան» երգն արդեն մի քանի օր է, պտտվում է համացանցում, իսկ տեսահոլովակը դեռ պատրաստման փուլում է: Տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը:
DJ Ջիլբերը դուետ կատարումներով հանդես է եկել բազմաթիվ հայտնի երգիչ-երգչուհիների հետ: Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Երջանկության արցունքներ», «Արի, արի», «Սիրո նամակը» և այլն: