Հոդվածներ
Հայ քաղաքական գործիչների երեխաների ամենաշքեղ և քննարկված հարսանիքները 2016-ին. ֆոտոշարք
Անցնող տարին նշանավորվեց հարսանեկան մի շարք հետաքրքիր իրադարձություններով, հայտնի անձանց հարսանիքներով: Ինչպես հայտնել էր ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը` 2016թ-ի իննը ամիսների ընթացքում ՀՀ-ում ամուսնության դեպքերը կազմել են 120088:
Wedding.am-ը առաջարկում է վերհիշել, թե անցնող 2016-ի ընթացքում հայտնի քաղաքական գործիչներից ովքեր ամուսնացրեցին իրենց զավակներին: Առաջարկում ենք ամենաքննարկված և հանրայնացված հարսանիքների լավագույն վեցնյակը:
Եվ այսպես՝
Էլիտար հարսանիքների տարին բացվեց Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի հարսանիքով: Բաղդասարյանի որդին հունիսին նշանադրվել էր «Բելաջիո» ռեստորանի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր՝ Մերիի հետ: Հարսանիքի քավորը Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է: Հարսանիքը տեղի է ունեցել Դուբայում:
Ապրիլի 2-ին տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթի և հայտնի հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հարսանիքը: Զույգը երկար ժամանակ չէր հաստատում խոսակցությունները այն մասին, որ իրենք պատրաստվում են ամուսնանալ, ինչն էլ ավելի մեծ հետաքրքրություն և ուշադրություն էր հավաքում այս զույգի ամուսնության և հարսանիքի շուրջ: Եվ որքան էլ նրանք փորձեցին ամեն ինչ քողարկել, սակայն որոշ մանրամասներ և հարսանեկան լուսանկարներ, այնուամենայնիվ, հաջողվել էր գտնել:
Այս տարվա նոյեմբերի 27-ին ամուսնացավ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կրտսեր որդին՝ Միսակը: Զույգի հարսանեկան խնջույքը տեղի ունեցավ «Ֆլորենս» ռեստորանում, հրավիրված է եղել ողջ քաղաքական էլիտան՝ գործադիր, օրենսդիր, ուժային կառույցների ղեկավարներ, գործընկերներ: Թեև այս հարսանիքից էլ նկարները շատ չէին, սակայն Wedding.am-ին հաջողվել էր գտնել որոշ կադրեր և ներկայացնել իր ընթերցողին:
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հարսանիքը: Հրանտը ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ, նրանք ապրում են Մոսկվայում: Այս հարսանիքը դարձավ համացանցային ամենամեծ քննարկումների արժանացած հարսանիքներից մեկը: Հենց հարսանիքի օր տարբեր լրատվամիջոցներում պարբերաբար տեղ էին գտնում տարբեր կադրեր, որից պարզ էր դառնում որ հարսանեկան շոուն վարել է հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանը, հյուրերին իրենց կատարումներով ուրախացրել են Արմենչիկը, Զարուհի Բաբայանը, Արամեն, Ինգա և Անուշ Արշակյանները, Քրիստինե Պեպելյանը և այլք: Խնջույքին ներկա է եղել մոտ 700 հոգի, որոնց թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Վրաստանի վարչապետը, Գագիկ Ծառուկյանը: Հարսանիքի քավորն էլ հայազգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն էր:
Րաֆֆի Հովհաննիսյանը այս տարի ամուսնացրեց որդուն՝ Կարինին: Նրա և իր ընտրյալի՝ Լարիսայի հարսանիքը տեղի է ունեցել տարվա հունիսի 26-ին, Ֆրեզնոյում։ Հարսանիքի վայրն ու եկեղեցին պատմական է. Կարինի գերդաստանը՝ նախապապը, պապիկը, հայրը, հորեղբայրները պսակադրվել են հենց այդ եկեղեցում։ Հարսանիքը եղել է փոքր:
Դե իհարկե, տարվա ամենաքննարկված հարսանիքներից է, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, Սամվել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիսի և Սալոմե Կինցուրաշվիլիի հարսանիքը: Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել մոսկովյան Safisa ռեստորանում, որը վերածվել էր դիսնեյան «Մալեֆիսենտա» մուլտի հեքիաթային անտառի: Ներկա էին հետխորհրդային տարածքի գերաստղերը` Ալլա Պուգաչովայի գլխավորությամբ, նաեւ Maroon 5 խումբը: Հանդիսությունը վարել են հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովն ու հայազգի ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Տանյա Գեւորգյանը: Նորապսակները հարսանիքի ժամանակ փայլել են իրենց արտաքին տեսքով ու պարել հայկական ավանդական պար՝ արժանանալով ներկաների հիացական հայացքներին ու ծափահարություններին: Ներկաներին ապշեցրել է ոչ միայն սեղանի խորտիկների, խմիչքների անհավանական բազմազանությունն ու առատությունը, այլ նաեւ հարսանեկան ութ հարկանի տորթը՝ զարդարված ծաղկային շքեղ կոմպոզիցիաներով: Ողջ հարսանյաց դահլիճը նույնպես զարդարված է եղել ծաղկային նրբաճաշակ փնջերով, մոմերով ու բյուրեղապակյա դրասանգներով: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հարսանեկան արարողության կազմակերպման համար միայն Սամվել Կարապետյանը ծախսել է 2 միլիոն դոլար: