Հոդվածներ
2015-ին առանց մեծ աղմուկի և շքեղ խնջույքների ամուսնացած և նշանադրված հայ աստղերը
Գաղտնի պահելով իրենց անձնական կյանքի մասին նորությունները` աստղերը կարծես էլ ավելի շատ են հանրության ուշադրությունը հրավիրում իրենց վրա: Սակայն, հենց իրենց հայտնիությամբ պայմանավորված, նրանց երկար ժամանակ չի հաջողվում բոլորից թաքուն պահել իրենց կյանքում տեղի ունեցած նշանակալից իրադարձությունները: 2015-ը հայ աստղերի համար բավականին սիրառատ էր: Իրենց երկրորդ կեսին գտան ամենացանկալի հարսնացու և փեսացու համարվող շատ հայտնիներ: Նրանցից ոմանք շքեղ հարսանիքով և տոնախմբությամբ հայտնեցին իրենց անձնական կյանքում տեղի ունեցած կարևոր փոփոխության մասին, իսկ ոմանք էլ բավարարվեցին պարզապես սոցիալական ցանցերում հարաբերությունների կարգավիճակի փոփոխությամբ կամ փոքրիկ գրառումով: Թեև, կարևոր չէ, թե ինչպես մարդիկ կմիավորեն իրենց սրտերը, կարևորը` երջանիկ լինելն է:
Հաղորդավար Ավետ Բարսեղյանի գաղտնի նշանադրության մասին լուրերը տարածվեցին վերջերս: Դրանց համար հիմք հանդիսացավ Ավետի մատնեմատին հայտնված մատանին և խորհրդավոր գրատռումը Ինստագրամում` «Ծնվել ես Դու` անթև մարդու մխիթարանք ու մեծ սփոփանք առ այն, որ Ամենայն սիրով առատ, այս անհրաշք դարում կիսատ դեռ կա Հեքիաթ..»:
Իր նշանադրության մասին լուրը շախմատիստ Լևոն Արոնյանը հայտնեց, դե իհարկե :), Facebook-ի միջոցով: «Այս պահից սկսած թող լինի ուրախության տարի: Ո՞վ է կենդանի, հարց եմ տալիս ես. նրանք, ովքեր սիրուց են ծնվել». ահա այս գրությամբ նա հայտարարեց իր եւ ֆիլիպինուհի Արիանա Քաոիլի նշանադրության մասին:
Նեղ ընտանեկան միջավայրում այս տարի նշանադրվեց Սիլվա Հակոբյանը: Նրա ընտրյալը դարձավ պրոդյուսեր Դավիթ Ազարյանը: Հուսանք` զույգը նույնքան գաղտնի չի պահի հարսանիքի մասին լուրերը:
Հասմիկ Կարապետյանի և Շանթ Կիրմիզյանի ամուսնության մասին հանրությունը նույնպես իմացավ Facebook-ի միջոցով: Հուլիսի 6-ին նրանք օրինականացրեցին իրենց հարաբերությունները, իսկ մինչ այդ արդեն 2 տարի միասին էին ապրում: «Ես և Շանթը միջոցառում չենք կազմակերպել այս առիթով, քանի որ մենք թղթին չենք տալիս այն կարևորությունը, որը տալիս ենք եկեղեցական արարողությանը»,- ասում է երգչուհին:
2015-ի մարտի 3-ին դիզայներ Ֆաինա Հարությունյանը Facebook-ում փոխեց կարգավիճակը` նշելով, որ ամուսնացել է օպերատոր Արտյոմ Աբովյանի հետ, իսկ հարաբերությունները օրինականացրել էին դրանից երկու ամիս առաջ:
Երգչուհի Սոնա Շահգելդյանը նույնպես նախընտրեց իր սիրելիի հետ հարաբերությունները օրինականացնել առանց հավելյալ աղմուկի: Սոնան և Նարեկը օրինական ամուսիններ են, սակայն հարսանիք չեն արել. «Կարևորը հետագա կյանքն է, մեր երջանիկ լինելը: Շատերը հարսի շոր չեն հագել, բայց հավատացեք, դա նրանց երջանկությանը չի խանգարել»,- ասել է երգչուհին:
Մայիսի 2-ին երգչուհի Էմմին Facebook-ի իր էջում գրառում կատարեց` հայտնելով, որ ամուսնացել է. «Հասունացել է պահը ուրախ լուրը պատմել նաեւ իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով. ամիսներ առաջ օրինականացրի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին»,- գրել էր երգչուհին: Թեև մինչև այսօր նա հանրությանը չի բացահայտել, թե ով է իր ամուսինը, սակայն արդեն որդին ունի, ում անվանակոչել է Դանիել: