Հոդվածներ
Ում ընտրել (Գլուխ 2)
Աննան եկել էր Եվայենց տուն, գիշերը նրանց տանն էր մնալու, որպեսզի առավոտյան միասին մեկնեին: Ամբողջ գիշեր նրանք զրուցում էին, Եվան պատմեց կատարվածը, իսկ Աննան զարմանքից քար էր կտրել. նա Արմանի նման նվիրված, հոգատար տղա չէր տեսել ու երբեք չէր սպասի, որ նա նման բան կանի:
- Եվ, նա քեզ ասաց, որ ուրիշ մեկը՞ կա իր կյանքում:
- Այո, հենց այդպես էլ ասաց:
- Կարծես թե ես գիտեմ` ով է նա:
- Ո՞վ:
- Նրա կուրսեցին: Հիշու՞մ ես, որ մինչև ձեր ընկերություն անելը նա անընդհատ հետապնդում էր Արմանին:
- Այն գանգուր մազերո՞վը, այն լկտի՞ն:
- Այո՛, հենց նա:
- Բայց դու որտեղի՞ց գիտես:
- Ես տեսել եմ նրանց շատ ջերմ զրուցելիս, որ դու ասացիր աղջկա պատճառով է, եզրակացրի, որ հենց դա է:
- Չեմ հավատում, որ Արմանը ինձ փոխել է այդ… ինչպե՞ս կարող էր:
Եվան էլ ավելի սկսեց ատել Արմանին, նրա համար անչափ վիրավորական էր, որ Արմանը նրան էր նախապատվությունը տվել, որովհետև նա պարկեշտ աղջիկ չէր:
- Ա՛ն, էլ չեմ ուզում խոսել դրա մասին, արի՛ քնենք, առավոտ շուտ պիտի արթնանանք:
- Ճիշտ ես, բարի՛ գիշեր:
Բայց Եվան իհարկե ամբողջ գիշեր աչք չփակեց:
2.
Պայծառ առավոտ էր: Եվան ու Աննան արդեն պատրաստ էին:
- Նախաճաշը պատրաստ է, աղջիկնե՛ր,- ասաց տիկին Հասմիկը:
- Մա՛մ կուշանանք, մենք ճանապարհին մի բան կուտենք:
- Ոչ մի դեպքում, տաս րոպեն ոչինչ չի փոխի, դեռ ժամանակ կա:
- Լա՛վ,- չհակաճառեց Եվան:
Նրանք պայմանավորվել էին համալսարանի բակում, այնտեղից միասին պետք է ճանապարհ ընկնեին:
- Եվա ջան, տաքսին արդեն եկել է, պատրա՞ստ եք:
- Այո՛:
- Ոչինչ չեք մոռացել, չէ՞:
- Երևի թե ոչ:
- Նրանք փաթաթվեցին իրար, հրաժեշտ տվեցին և երբ Եվայենք արդեն դուրս էին եկել, տիկին Հասմիկն ասաց.
- Քեզ լավ կնայես, լիարժեք կհանգստանաս և տխուր բաների մասին չմտածես:
- Կաշխատեմ մամ ջան,- թեթևակի ժպտաց Եվան ու գնաց:
3.
Կեսօր էր, երբ Եվայենք հասան ճամբար: Գեղեցիկ էր Հանքավանի բնությունը, չորս կողմը սարեր, փարթամ անտառներ էին և որ ամենակարևորն էր` հաճելի, մաքուր օդ էր:
Ամեն մեկը տեղավորվեց իր տնակում ու մի քիչ շունչ քաշելուց հետո նրանք որոշեցին ծանոթանալ տեղանքին: Եվան չէր ուզում միանալ ընկերներին` պատճառաբանելով, որ հոգնել է:
- Ե՛վ, գալի՜ս ես, եթե պետք է նստես, հիշես Արմանին ու տառապես, ուրեմն էլ ինչու՞ ես եկել, նույն բանը կարող էիր տանն էլ անել:
- Ինձ համար հեշտ չէ, ես չեմ կարողանում հավատալ, որ մենք էլ երբեք միասին չենք լինի:
- Սիրել՛իս, ների՛ր, որ կոպիտ խոսեցի, ես հասկանում եմ, քեզ համար շատ դժվար է, բայց այդպես չի կարելի, դու կհիվանդանաս, փորձի՛ր ցրվել, արի՛ գնանք, քեզ դուր կգա:
- Լավ, համոզեցիր, գնանք:
Բավականին զբոսնեցին, սկսեցին պլանավորել, թե ինչ անեն մյուս օրերին նրանց անմոռաց ու հետաքրքիր դարձնելու համար: Բացի նրանցից ճամբարում կային նաև այլ ինստիտուտների ուսանողներ: Մի քանի օր անց սկսեցին ծանոթանալ միմյանց հետ ու երեկոները հաճախ էին հետաքրքիր միջոցառումներ կազմակերպում: Եվան համեմատած իրեն լավ էր զգում, իհարկե չէր մոռացել Արմանին: Երբ մենակ էր մնում, հիշում էր նրան ու նորից տխրում, բայց դա երկար չէր տևում, որովհետև շատ կարճ էր տևում նրա մենակ մնալը: Նա ձեռք էր բերել նոր ընկերներ, նրանց հետ օրերը թռչում էին: Այդպիսի օր չկար, որ նրանք դուրս չգային ճամբարից: Օրերը հագեցած էին` գեղեցիկ ու հիշարժան տպավորություններով:
4.
Արմանը, ինչպես խոստացել էր, ժամանակին ընդունում էր բոլոր նշանակած հաբերը: Օրեր էին անցնում, բայց Արմանի գույնը էլ առաջվանը չէր: Տիկին Ռոզան նորից սկսեց անհանգստանալ, կարծես նա զգում էր, որ ինչ-որ բան այն չէ: Նա թաքուն զանգեց բժշկին, երկար հարցուփորձ արեց, բայց վերջինս պահեց իր խոստումը և ոչինչ չասաց: Դրանից հետո էլ նա իր տեղը չէր գտնում, երևի հազար անգամ կարդացել էր դեղերի բաղադրությունը, բայց չէր կարողանում հասկանալ դրանց նշանակությունը: Նա որոշեց դրանցից մի քանիսը ցույց տալ մեկ ուրիշ բժշկի: Տիկին Ռոզայի ծանոթներից մեկը, որը հիվանդանոցում աշխատում էր որպես բուժքույր, խոստացավ իրենց բժշկուհիներից մեկից իմանալ այդ դեղերի նշանակությունը, բայց իհարկե տիկին Ռոզան չէր ասել, որ այդ դեղերը Արմանն է խմում:
- Ալո՛, Ռոզա ջան բարև:
- Բարև Լենա ջա՛ն: Իմացա՞ր ինչ հիվանդության համար են այդ դեղերը:
- Այո՛, իմացել եմ, բայց ո՞վ է դրանք խմում, քեզ մոտի՞կ մարդ է:
- Հարևանիս համար էի հարցնում, նրա բարեկամն է խմում: Ինձ խնդրեց, որ ճշտեմ, իսկ ի՞նչ կա, լու՞րջ բան է,- էլ չէր կարողանում պահել իրեն տիկին Ռոզան:
- Դե, եթե քո բարեկամը չի Ռոզա ջան, ասեմ, որ այդ մարդու մոտ գլխի չարորակ ուռուցք կա, այդ դեղերը միայն այդ դեպքում են նշանակում:
Արմանի մորը թվաց` ուր որ է կուշաթափվի և նա իրոք ուշաթափվեց: Բարեբախտաբար Սամվելը ժամանակին տուն եկավ: Երբ տեսավ մորը հյուրասենյակի հատակին ընկած, շատ վախեցավ: Մի կերպ կարողացավ ուշքի բերել նրան:
- Մամ, ի՞նչ է եղել, դու քեզ լավ չէի՞ր զգում, ինչու՞ ինձ չզանգեցիր, լավ է, որ այսօր շուտ եկա, թե չէ…
Մայրը նայում էր որդուն, երկար ժամանակ հայացքը չէր կտրում նրանից…
- Մամ մի բան ասա, դու ինձ վախեցնում ես, միգուցե բժի՞շկ կանչեմ:
- Սամվել, որդիս, ասա՛ ինձ, որ դա ճիշտ չէ, խնդրում եմ, ասա՛:
- Մա՛մ, ինչի՞ մասին ես խոսում,- շփոթվեց Սամվելը, թեև արդեն գլխի էր ընկնում բանն ինչումն է:
«Հաստատ Պողոսիչն է ասել»,- մտածեց նա` զայրանալով բժշկի թուլության վրա:
- Դու գիտեի՞ր:
Սամվելը, գտնելով, որ այլևս անիմաստ է հերքելը, ասաց.
- Մամ, մենք պետք է ուժեղ լինենք, մենք պետք է ամեն ինչ անենք նրան փրկելու համար:
- Աստված իմ, ես հույս ունեի, որ դու կհերքես այս ամենը,- դողացող ձայնով ասաց տիկին Ռոզան ու նետվեց Սամվելի գիրկը: Խեղճ Սամվելը չգիտեր ինչ ասի, ինչով մխիթարի մորը: Նա միայն նոր նկատեց, թե Արմանի հիվանդության ի հայտ գալու ժամանակվանից որքան է ծերացել մայրը:
- Նա գիտի՞, ասա՜, գիտի՞:
- Այո, գիտի, բայց ոչ մի կերպ չէր ուզում, որ դու իմանայիր:
- Որդի՛ս, իմ խեղճ որդիս: Նա արժանի չէ սրան, ոչ, նա չի կարող ինձ հետ այսպես վարվել: Մենք պետք է մի բան անենք, այլապես այս մեծ ցավին ես չեմ դիմանա:
- Ես ուզում եմ նրան արտասահման տանենք, բայց նա համառորեն չի համաձայնվում:
- Իսկ դա նրան կփրկի՞:
- Չգիտեմ, բայց համենայնդեպս պետք է հավատանք, որ կօգնի:
- Նա դրա՜ համար թողեց Եվային, չէ՞, ոչ մի ուրիշ աղջիկ էլ չկա:
- Դու նորից ճիշտ ես: Նա չէր ուզում, որ Եվան խղճա իրեն:
- Ինչպե՛ս է տառապում նա հիմա, տեր Աստված, այս ի՞նչ արեցիր…
Հնչեց դռան զանգը: Հայրն էր: Երբ մտավ ներս և այդ վիճակում տեսավ կնոջը, նետվեց դեպի նա:
- Ի՞նչ է եղել, սիրելիս, ինչու՞ ես այս վիճակում,- հարցրեց նա` չնկատելով անգամ Սամվելին: Տիկին Ռոզան լաց լինելով պատմեց ամբողջը ու նաև` ինչպես է իմացել:
Սամվելը ապշած էր: Նա երբեք չէր մտածի, որ մայրը կարող է ճշմարտությունը այդ ձևով իմանալ, իսկ ինքը կասկածում էր բժշկին:
Հայրը բարկացած աչքերով նայում էր Սամվելին, նա չէր կարողանում ներել Սամվելի, որ իրեն էլ ոչինչ չի ասել:
- Հայրի՛կ, հասկացի՛ր, Արմանը ինձ խնդրեց ոչ ոքի չասել, իսկ ես չկարողացա մերժել նրա խնդրանքը:
- Բայց սա այդ դեպքը չէ, ես իրավունք ունեմ իմանալու իմ տղայի հետ ինչ է կատարվում: Քեզանից այդպիսի անպատասխանատու պահվածք չէի սպասում: Ես նրան կտանեմ այստեղից, նա կբուժվի, կտեսնես, սիրելիս, կբուժվի:
Պարոն Սեդրակը արտաքինից շատ խիստ, սառը մարդու տպավորություն էր թողնում, բայց իրականում շատ փխրուն սիրտ ուներ: Նրա վստահ խոսելը հույսի նշույլներ առաջացրին տիկին Ռոզայի աչքերում:
Նրանք անհամբեր սպասում էին Արմանին, որպեսզի լուրջ խոսեին նրա հետ արտասահմանում բուժվելու մասին, բայց նա չկար ու չկար: Հայր ու որդի ծխում ու ծխում էին` մեկը մյուսի հետևից վառելով ծխախոտը, իսկ տիկին Ռոզան այստեղ այնտեղ էր գնում, չէր կարողանում մի տեղ նստել: Առավոտվա կողմ միայն Արմանը հայտնվեց, միայն թե ոչ հարբած (նա լավ գիտեր, որ դեղերի հետ ալկոհոլ օգտագործել չի կարելի):
- Ու՞ր էիր տղաս,- որքան հնարավոր է մեղմ հարցրեց հայրը:
- Թափառում էի հայրիկ, իսկ դուք ինչու՞ քնած չեք:
- Քեզ էինք սպասում:
- Բայց կարիք չկա ինձ համար անհանգստանալու, ես վաղուց արդեն երեխա չեմ:
- Տղա՛ս, մենք ամեն ինչ գիտենք, թույլ տուր օգնել քեզ:
Արմանը սառեց: Սկզբում նայեց մորը, որի աչքերը այդքան լաց լինելուց ահավոր ուռել էին, հետո հորը, որի դեմքը այդ պահին միայն խղճահարություն էր առաջացնում, ինչքան էլ, որ նա թաքցներ իր ապրումները և վերջապես Սամվելին, որի հայացքն ասում էր` ես նրանց ոչինչ չեմ ասել:
- Օգնե՞լ, ինձ էլ ոչինչ չի օգնի:
- Այդպես մի՛ ասա, որդիս, աղաչում եմ, խղճա՛ մորդ,- տիկին Ռոզան փարվեց Արմանին ու չէր կարողանում երկար ժամանակ պոկվել նրանից:
- Արման ջան, դու պետք է համաձայնվես դրսում բուժվելու:
- Բայց ինչի՞ համար, հայրիկ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ հիվանդությունը բուժում չունի: Դրանք միայն անհիմն հույսեր են: Ես շատ եմ ցավում, որ այդպես քեզ վշտացնում եմ, բայց դուք էլ ինձ հասկացեք ու ինձ է՜լ ավելի մի տանջեք: Արտասահման գնալն անիմաստ է, իզուր հուսախաբ պիտի լինենք, իսկ դա ավելի ցավալի է:
- Բայց մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, պետք է մի բան անենք,- ասաց հայրը` արդեն չթաքցնելով իր հուզվածությունը:
- Ես բուժման կուրսն ընդունում եմ, իսկ դրանից ավել ոչիչ անել հնարավոր չէ: Բժիշկն ասաց, որ իր ասածներին հետևելու դեպքում մեկից մեկուկես տարի դեռ կապրեմ:
Այդ խոսքի վրա տիկին Ռոզան նորից ուշաթափվեց: Ուշքի բերելով` նրան հանգստացնող տվեցին, նա շշմեց ու քնեց:
5.
- Եվա՛, վեր կաց արագ, մեզ արդեն սպասում են:
- Թող քնեմ, ես հրաժարվում եմ նախաճաշից:
- Ի՞նչ նախաճաշ, մոռացե՞լ ես ինչ է, որ երեկ երեկոյան որոշեցինք այսօր սար բարձրանալ:
Եվան վեր կացավ և արագ-արագ հագնվեց:
- Լրիվ մոռացել էի, մի քանի րոպեից պատրաստ կլինեմ:
Կես ժամ անց նրանք ճանապարհ ընկան: Տասնհինգ հոգի էին, տարբեր ինստիտուտների ուսանողներ: Նրանք այնքան էին մտերմացել, կարծես ոչ թե տաս օր է, ինչ ծանոթացել էին, այլ վաղուց իրար ճանաչում էին: Բոլորը շատ ոգևորված էին: Գեղեցիկ առավոտ էր: Արևը իր ջերմությունն էր հաղորդել բոլորին: Երբ արդեն հասան սարի փեշին, Եվան կանգ առավ:
- Քեզ ի՞նչ եղավ,- զարմացավ Աննան:
- Ես երբեք սար չեմ բարձրացել ու հիմա…
- Միայն թե չասես, որ վախենում ես:
- Այո, իսկ եթե կենդանինե՞ր տեսնենք:
Աննան ծիծաղեց: Նրանց մոտեցավ Էդգարը: Նա շատ հմայիչ երիտասարդ էր` բարձրահասակ, խաժ աչքերով և շատ բարեհամբույր: Էդգարը հատկապես յուրահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում Եվայի հանդեպ:
- Դե աղջիկներ, ինչու՞ չեք գալիս, փոշմանե՞լ եք:
- Ոչ, իհարկե ոչ, ինչպես կարելի է բաց թողնել էքստրեմալ հանգիստ անցկացնելու հնարավորությունը,- ասաց Աննան:- Եվան է վախենում կենդանիներից, բայց նա էլ է շատ ուզում գալ:
- Եթե այդպես է, Եվային ես մենակ չեմ թողնի, եթե դեմ չես իհարկե, Եվա ջան,- շեշտակի նայեց Եվային Էդգարը բավական խորաթափանց հայացքով:
- Եթե քեզ չեմ խանգարի կամ հոգնեցնի, դեմ չեմ:
- Ի՞նչ ես ասում, քեզ ընկերակցելը ինձ համար մեծ հաճույք է: Գնացի՛նք:
- Գնացի՛նք,- մեղմ ժպտաց Եվան:
Խմբից միայն Եվան էր առաջին անգամ բարձրանում, դրա համար էլ Էդգարն էլ Եվայի հետ անընդհատ հետ էր ընկնում:
- Էդգա՛ր, դեռ շա՞տ կա, որ հասնենք,- հարցրեց նա շնչակտուր:
- Արդեն կեսն ենք հասել Եվ ջան, ուզու՞մ ես կանգնենք հանգստանանք:
- Երեխեքը երևի արդեն տեղ են հասել, իսկ մե՞նք…
- Ոչինչ, մի քիչ հանգստանալը չի խանգարի, արի՛ նստենք այստեղ,- ասաց Էդգարը` ցույց տալով ծառի կոճղը:
- Ես երևի շատ ձանձրալի եմ չէ՞, ինձ հետ միասին ստիպում եմ քեզ չարչարվել:
- Խնդրում եմ այդպես մի ասա, քեզ հետ ես ինձ շատ լավ եմ զգում: Դու հիանալի անձնավորություն ես, էլ չեմ ասում, թե որքա՛ն գեղեցիկ ես:
- Դու ինձ ստիպում ես կարմրել:
- Բայց ես անկեղծ եմ ասում, միայն թե…
- Միայն թե ի՞նչ:
- Ինչու՞ են այդ գեղեցիկ աչքերդ տխուր, երբ դու փորձում ես ժպտալ, երբ ծիծաղում ես, միևնույնն է, աչքերդ տխուր են, ճի՞շտ եմ նկատել:
- Չգիտեմ, բայց ես չեմ ուզում այդ մասին խոսել:
- Հասկանում եմ, դա քո իրավունքն է, բայց խնդրում եմ, ինչ էլ, որ եղած լինի, մոռացիր, եթե թույլ տաս, ես կփորձեմ այնպես անել, որ դու ժամանակ չունենաս տխրելու:
- Գիտե՞ս, դու շա՜տ լավ ընկեր ես, ես էլ եմ ինձ քեզ հետ լավ զգում, համաձայն եմ:
- Դե ուրեմն, հենց այս րոպեից սկսում ենք:
- Ինչը՞:
- Արագ բարձրանալը, էլ կանգ չենք առնի մինչև տեղ հասնելը, դու կարող ես, արի՛ ,- ասաց Էդգարը` ձեռքը մեկնելով Եվային:
- Դու ինձ ոգևորում ես,- ժպտաց Եվան և նրանք նոր ուժով սկսեցին բարձրանալ: Քառասուն րոպե անց նրանք միացան խմբին: Նրանք արդեն սեղան էին գցել: Աղջիկները բուտերբրոդներ էին պատրաստում, իսկ տղաները մեծ հաճույքով ուտում էին մեկը մյուսի ետևից, նրանք շատ էին սովածացել:
- Սոված չե՞ս, Եվ ջան:
- Մի քիչ:
- Ուրեմն գնացինք, թե չէ այս սովահարները մեզ բան չեն թողնի ուտելու:
6.
Արմանը մեկ շաբաթից ավել էր ամառանոց էր գնացել: Այնտեղ իրեն շատ լավ էր զգում: Մայրը ժամանակ առ ժամանակ գնում էր, ուտելու բան պատրաստում, ուզում էր մնալ որդու կողքին, բայց Արմանը չէր համաձայնվում:
- Մամ, դու տանը շատ գործ ունես անելու, ես ինձ կարող եմ պահել, իսկ պապայենք` ոչ:
- Բայց ես այնքան եմ ուզում քեզ հետ այստեղ մմնալ, այստեղ այնքան հանգիստ է , օդն այնքան մաքուր է…
- Մամ ջան, խնդրում եմ քեզ, գնա, ես շատ շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, բայց չեմ կարողանում տեսնել քեզ այդքան հուսահատ վիճակում, դու ամեն կերպ փորձում ես ցույց չտալ, բայց ես զգում եմ, որ դու տառապում ես: Եվ հենց դրա համար եմ այստեղ եկել, չեմ ուզում, որ ամեն անգամ ինձ նայելիս դուք վիշտ ու ցավ զգաք, հասկացի՜ր ինձ, խնդրում եմ:
- Բայց քեզանից հեռու ես ավելի եմ տանջվում, որդի՜ս, ինձ մի՜ վռնդիր, թու՜յլ տուր մնամ քեզ հետ, ես միայն դա եմ ուզում, ինձ այլևս ոչինչ պետք չէ:
Արմանը նայեց մորը, նրա հոգնած, հուսահատ դեմքին: Նայեց ու զգաց, թե այդ երբեմնի գեղեցիկ կինը ինչպես էր ծերացել, միշտ պայծառ ժպտացող աչքերը ինչպես են խամրել և այս ամենից ավելի գրգռվեց:
- Մամ, գնա՛, աղաչում եմ, գնա՛:
Մայրը, տեսնելով, որ Արմանը ոչ մի կերպ չի համոզվում, անխոս մոտեցավ նրան, գրկեց ամուր և արցունքն աչքերին լուռ հեռացավ:
Արմանը նայում էր մոր ետևից, ուզում էր ճչալ մի գնա, ինձ մենակ մի թող, ես վախենում եմ մենակությունից, բայց արտասուքից խեղդված ձայնով միայն կարողացավ ասել. «Ների՜ր ինձ, որ քեզ այսքան վշտացնում եմ»:
Հաջորդ օրը Սամվելն այցելեց Արմանին:
- Բարև եղբայրս, ինչպե՞ս ես քեզ զգում: Ինչպես երևում է քեզ այստեղ դուր է գալիս ու դեռ մտադիր չես վերադառնալ տուն:
- Ես այստեղ ինձ լավ եմ զգում, ապրում եմ իմ կյանքի լավագույն հիշողություններով, իսկ տուն չեմ ուզում գալ, որովհետև գիտեմ, որ ամեն անգամ ինձ տեսնելիս մերոնք տանջվում են, որ ոչնչով չեն կարող ինձ օգնել, ես դա զգում եմ, ինչքան էլ նրանք փորձեն թաքցնել դա ինձանից:
- Հավատս չի գալիս Արմա՛ն, որ այս ամենն իրական է: Տանը ամեն ինչ փոխվել է, նախկին ջերմությունը չկա: Ամբողջ օրը իրար հետ գրեթե չենք էլ խոսում, որովհետև ոչինչ չունենք իրար ասելու: Պապան, միայն տեսնես, մեր հզոր, խիստ հենարանը ինչպես է ծերացել, խեղճացել: Նա մտածում է, որ դու անարդար ես վարվում, որ տուն չես գալիս: Դու գիտես` նա հավատացյալ չէ, բայց հիմա իր աղոթքներով մամայից հետ չի ընկնում: Իսկ ես, ես ինձ լրիվ մենակ եմ զգում, ախր մենք շատ կապված ենք իրար: Ապե՛ր, մտածի՛ր, վերադարձի՛ր տուն, մենք քեզ շատ ենք կարոտում:
Արմանին շատ հուզեցին Սամվելի պատմածները, հառաչելով ասաց.
- Ես կմտածեմ վերադառնալու մասին, Սամ ջա՛ն, ինձ մի քիչ ժամանակ է պետք:
- Ա՛յ դա ուրիշ բան,- ուրախացավ Սամվելը:
- Սա՛մ, իսկ Եվա՞ն, ինչպե՞ս է նա, որևէ լուր ունե՞ս նրանից:
- Միայն գիտեմ, որ կուրսի հետ ճամբար է գնացել: Դու նրան կարոտում ես, այնպես չէ՞:
- Ճամբա՞ր, համոզված եմ, որ շատերն են հիմա պտտվում նրա շուրջը:
- Իսկ ես համոզված եմ, որ նա այսքան շուտ քեզ չի մոռանա:
- Հնարավոր է, բայց վաղ թե ուշ կմոռանա, ընտանիք կկազմի, իսկ ես նրա հիշողության մեջ կմնամ որպես դավաճան սրիկա:
- Արմա՛ն, ասա՛ նրան ճշմարտությունը, նա կմնա քեզ հետ, ես հաստատ գիտեմ: Եթե թույլ տաս` ես կասեմ:
- Ո՛չ, ո՛չ, ոչ մի դեպքում: Հիմա հազիվ նա փորձում է մոռանալ իմ դավաճանությունը, ես չեմ ուզում նորից հայտնվել ու տառապանք պատճառել նրան:
- Մի՞թե դու թույլ կտաս, որ նրան խլեն քեզանից:
- Իսկ մի՞թե ես այլ ելք ունեմ: Միայն խոստացիր ինձ, որ ով էլ լինի նրա ընտրյալը, կհետաքրքրվես` արդյո՞ք արժանի է նա Եվային: Եթե նրան արժանի չլինի, թույլ չտաս, որ իմ Եվան խաբվի որևէ սրիկայի կողմից: Ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի:
- Ես քեզ խոստանում եմ: Ես Եվային քրոջ պես հարգում, սիրում եմ և կհետևեմ, որ նա չսխալվի, հանգի՛ստ եղիր:
7.
Գիշեր էր: Երկնքի փայլփլուն ծաղիկները լուսավորել էին ճամբարը: Եվայի ընկերները հավաքվել էին իրենց սենյակի պատշգամբում, խոսում, խաղում, զվարճանում էին: Հետո Եվան վեր կացավ, ուզում էր գնալ սենյակ` պատճառաբանելով, որ հոգնած է ու քնել է ուզում: Քիչ անց նրա դուռը թակեցին:
- Եվա՛, քնա՞ծ ես:
- Ո՛չ, կարող ես ներս գալ, Էդգա՛ր:
- Ինչու՞ ես այս հրաշալի գիշերը, հաճելի եղանակին փակվել քո սենյակում:
- Ուղղակի հոգնել եմ, ուզում էի քնել:
- Խանգարեցի՞:
- Ոչ, ոչ, մի՛ անհանգստացիր:
- Ների՛ր ինձ իհարկե, բայց ինձ թվում է, որ դու ուղղակի ուզում ես մեկուսանալ, մենակ մնալ: Ասա՛ ինձ, ի՞նչն է քեզ այդքան տանջում: Ես քեզ չեմ կարողանում այսպես տեսնել: Ուզում եմ, որ միշտ ժպտաս, դու շատ հմայիչ ժպիտ ունես:
- Շնորհակալ եմ քեզ, Էդգա՛ր ջան, դու շատ լավ ընկեր ես: Եթե դու և Աննան չլինեիք, երևի ես այս սենյակից դուրս չէի գա:
- Արի՛ գնանք զբոսնենք, հիանալի գիշեր է:
-Ների՛ր, բայց…
- Ոչ մի բայց, այսօր մեր այստեղ մնալու նախավերջին օրն է, գնացի՛նք, հագնվի՛ր:
- Իսկ ովքե՞ր են գալիս:
- Ոչ ոք, միայն ես և դու:
- Երկուսո՞վ:
- Իսկ ի՞նչ կա որ: Ավելի մոտիկից իրար կճանաչենք, որպեսզի ավելի մտերիմ ընկերներ լինենք:
- Լավ, գնանք:
Նրանք դուրս եկան ճամբարից, մոտեցան գետի ափին, նստեցին հարմարավետ քարերին ու երկար ժամանակ լռություն տիրեց: Լռությունը խախտեց Էդգարը.
- Ի՞նչ ես մտածում:
- Չգիտեմ:
- Դու ինձ վստահու՞մ ես:
- Այո, իհարկե, այլապես չէի գա քեզ հետ այստեղ:
- Դե ուրեմն, ասա՛ ինձ, ի՞նչ է քեզ հետ կատարվում:
Եվան պատմեց Էդգարին հակիրճ իր հետ պատահածը, բայց դա բավական էր. նա հիմա հասկանում էր Եվային:
- Հասկանում եմ, քեզ համար դժվար է, նա քեզ հետ շատ վատ է վարվել, բայց մտածիր. մի՞թե արժե նման մարդու համար այսքան վշտանալ: Դու դեռ կգտնես այն միակին, որը կսիրի ու կգնահատի քեզ:
- Ես էլ ոչ մեկի չեմ կարող հավատալ:
- Այդպես մի՛ ասա, դու պարզապես հուսահատված ես,- ասաց Էդգարը և ավելի մոտ նստեց Եվային: Մի պահ գլուխը մորցրեց, լուսնի լույսի տակ այնքան գրավիչ ու գայթակղիչ տեսք ուներ Եվան, որ Էդգարը չդիմացավ ու փորձեց համբուրել Եվային, Բայց Եվան ետ քաշվեց:
- Ների՛ր, ես չէի ուզում քեզ նեղացնել:
- Ես կհաշվեմ, որ ոչինչ չի եղել: Արդեն ուշ է, արի՛ վերադառնանք:
- Եվա՛, սպասիր, ես չեմ ուզում, որ դու իմ մասին վատ բան մտածես:
- Չեմ մտածի, եթե ասես, որ դա պատահականություն էր և որ էլ չի կրկնվի:
- Այդքան դաժան մի՛ եղիր, դու ինձ շատ ես դուր գալիս:
- Էդգա՛ր, ես ուրիշին եմ սիրում:
- Բայց չէ՞ որ նա արդեն անցյալ է: Թու՛յլ տուր քո կողքին լինել, ես քեզ կերջանկացնեմ, որոշ ժամանակ անց դու կսիրես ինձ:
- Արի գնանք, լա՞վ:
- Ես քեզ ընդհանրապես դուր չեմ գալիս, այո՞:
- Հարցը դրանում չէ, դու շատ գրավիչ, հետաքրքիր տղա ես, շատերը կերազեին քեզ հետ լինել, բայց ես…
- Միայն թե ոչ դու, չէ՞, դու միշտ կսիրես այդ տխմարին, որը քեզ այդքան ցավ է պատճառել: Մի՞թե չես ուզում երջանիկ լինել, ընտանիք կազմել:
- Դրա մասին դեռ շատ վաղ է մտածել: Ես քեզ չեմ ուզում նեղացնել, ես քեզ շատ եմ հավանում, դու լավ մարդ ես, բայց հիմա ես ոչ ոքի հետ չեմ ուզում կյանքս կապել, ես դրան դեռ պատրաստ չեմ ու չգիտեմ էլ պատրաստ կլինե՞մ արդյոք:
- Ես քեզ կսպասեմ, որքան ցանկանաս, միայն թե մի՛ մերժիր ինձ, մի՛ վռնդիր ինձ քո կյանքից: Ես ամեն ինչ կանեմ, որ դու նորից հավատաս սիրուն:
- Արդեն ուշ է, արի՛ գնանք:
- Դու ոչինչ չունե՞ս ասելու:
- Ես քեզ ասացի ամեն ինչ:
- Ես կարո՞ղ եմ հույս ունենալ, որ…
- Չգիտեմ, Էդգա՛ր, միայն մի բան գիտեմ, որ ինձ համար Արմանին մոռանալը շատ դժվար է: Դու որոշիր, թե…
- Ես պատրաստ եմ, իհարկե հեշտ չէ, բայց ես ջանք չեմ խնայի, ամեն ինչ կանեմ, որ դու նրան մոռանաս ու ինձ սիրես, որովհետև ես գտել եմ քեզ ու չեմ կարող կորցնել:
8.
Երբ ճամբար վերադարձան, դրսում ոչ ոք չկար: Եվան զարմացավ. միթե այսքան շուտ բոլորը քնել են, դեռ ժամը 23.00 էր, ժամը 3-ից շուտ ոչ ոք չէր քնում ճամբարում:
- Ինչ տարօրինակ է, Էդգա՛ր, որ ոչ ոք չկա:
- Այո՛, բայց ես ինչ-որ երաժշտության ձայն եմ լսում: Արի՛ գնանք այդ ձայնի ուղղությամբ:
Նրանք գնացին դեպի ճաշարան, որին կից մի կառույց կար, այդտեղից էլ գալիս էր բարձր երաժշտությունը: Մտան ներս, գրեթե բոլոր ուսանողները այնտեղ էին: Քանի որ ճամբարի վերջին գիշերն էր, նրանք այդ գիշերը որոշել էին անմոռանալի դարձնել և հետաքրքիր շոու էին կազմակերպել: Եվան հազիվ գտավ Աննային:
- Շուտվանի՞ց եք այստեղ:
- Մոտ երկու ժամ: Շոուն վերջացավ, բայց մեր հաճելի երեկոն` ոչ: Պիտի պարենք մինչև առավոտ: Իսկ Էդգա՞րը, լավ զբոսնեցի՞ք,- չարաճճիորեն ժպտաց Աննան:
- Այո՛,- հառաչեց Եվան:
- Իսկ ինչու՞ ես մի տեսակ, չէ՞ որ դու քեզ նրա հետ լավ ես զգում:
- Այո՛, բայց ինձ թվում էր` մենք ընկերներ ենք, այնինչ նա ինձ ասաց, որ իրեն դուր եմ գալիս:
- Հենց այդպես էլ ասա՞ց, հուսով եմ չես մերժել նրան միանգամից, նա յուրահատուկ տղա է:
- Ես նրան ամեն ինչ պատմեցի, ասացի, որ դեռ սիրում եմ Արմանին ու հիմա պատրաստ չեմ նոր հարաբերությունների:
- Իսկ նա ինչպե՞ս ընդունեց:
- Ասաց, որ կսպասի և ամեն ինչ կանի, որ ինձ գրավի:
- Հիանալի է: Երնեկ նրա նման տղաները շատ լինեին:
- Բայց ես վստահ չեմ, որ դա ճիշտ է, իսկ եթե ես չկարողանա՞մ մոռանալ Արմանին: Ես չեմ ուզում, որ նա ինձ հետ լինի` իմանալով, որ ես ուրիշին եմ մասին եմ մտածում: Դա արդարացի չէ:
- Դու հիմա ես այդպես մտածում, դե կտեսնես, որ Էդգարը կկարողանա քեզ գրավել: Նա այնպիսի տղաներից չէ, ովքեր հեշտ հանձնվում են:
Նրանց էր մոտենում Էդգարը:
- Աղջիկնե՞ր, այդ ի՞նչ եք փսփսում: Թույլ տվեք խանգարել ձեր զրույցը և հրավիրել ձեզ պարելու:
Այնքան լավ էր պարում Էդգարը, Եվային շատ դուր եկավ: Մի շարք ժամանակակից պարերից հետո տանգո դրեցին: Բոլորը նայում էին Էդգարին ու Եվային: Ոմանք ասում էին գեղեցիկ զույգ են, ոմանք` շատ են իրար սազում և այլն: Պարելու ընթացքում ոչ մեկը խոսեց, ոչ մյուսը: Բայց Եվան անհանգիստ էր, թեև ոչ ոք դա չնկատեց: Ժամը 4.00 էր, Եվան Աննային էր փնտրում, վերջապես գտավ «մաֆիա» խաղացողների մեջ: Եվան աչքերով հասկացրեց, որ գնան: Աննան հասկացավ ու վեր կացավ, ինքն էլ էր հոգնել: Էդգարը նրանց ուղեկցեց մինչև իրենց տնակ, ու ինքն էլ գնաց իր սենյակ: Էլի մի քանիսը ցրվեցին, իսկ մնացածը դեռ խաղում էին չնայած ժամին:
Պատրաստվում էին քնելու, երբ Եվան դիմեց Աննային.
- Ա՛ն, գիտե՞ս, երբ պարում էի Էդգարի հետ, ինձ թվում էր Արմանի հետ եմ պարում ու դրանից ես ինձ վատ եմ զգում: Ես ուզում եմ Էդգարին ասել, որ հույս չունենա:
- Գժվե՞լ ես, ինչ է: Դա բնական է, դեռ ամեն ինչ նոր է սկսվում, մի որոշ ժամանակ դու անըդհատ կհամեմատես նրանց, բայց հետո բոլորովին կմոռանաս Արմանին:
- Եթե ես քեզ նման վստահ լինեի…
- Արի՛ քնենք: Վաղը շուտ պետք է արթնանանք չնայած լուսանալուն երկու ժամ է մնացել: Դրա մասին հետո կխոսենք:
Բոլորը պետք է գնային ճաշից հետք, բայց Աննան ու Եվան առավոտ շուտ տաքսի էին պատվիրել: Նրանք հրաժեշտ տվեցին բոլորին: Եվան աչքերով Էդգարին էր փնտրում, բայց չէր գտնում, նա ուզում էր նրան հրաժեշտ տալ:
- Արդեն գնու՞մ եք,- հարցրեց Էդգարը, որը չգիտես որտեղից հայտնվեց:
- Այո, գնում ենք: Ասեմ, որ շատ շնորհակալ եմ քեզ քո խորհուրդների և ամեն ինչի համար:
- Իսկ ես շնորհակալ եմ, որ դու կաս: Կհանդիպենք, առայժմ:
Մեկնաբանություններ
lana
04:29 08.03.2012
shat lavna,bayz werj@ erevi wata linelu
________________________________________
nara
02:05 28.10.2011
verj@ vat e linelu
________________________________________
ELEN
08:34 09.10.2011
SHAT LYAVNA