Հոդվածներ
10 հիմնական խորհուրդները հարսանյաց զգեստ ընտրելիս
Հարսանեկան զգեստ գնելը ոչ միայն պատասխանատու և կարևոր պահ է հարսանեկան պատրաստության ողջ ընթացքում, այլև`ուրախ իրադարձություն է ցանկացած աղջկա կյանքում: Ինչպե՞ս ճիշտ մոտենալ այս հարցին և ամենակարևորը ինչի՞ց սկսել:
Այսօր “Wedding.am”-ը կպատասխանի Ձեզ մտահոգող բոլոր այս հարցերին, որոնք տրվում են բոլոր հարսնացուների կողմից:
Մենք խորհուրդ չենք տալիս շտապել, վայելեք հարսանեկան զգեստ ընտրելու գործընթացը, դա իսկական հաճույք է: Խելամիտ մոտեցում ցուցաբերեք զգեստի ընտրության հարցում, մի՛ գնեք զգեստը, այն հաշվարկով, որ շատ կնիհարեք, նաև մի՛ գնեք զգեստ օնլայն տարբերակով, եթե տվյալ կայքը Ձեզ վստահություն չի ներշնչում:
1. Որոշե՛ք, թե որքա՞ն գումար եք պատրաստ տրամադրել հարսանեկան զգեստին, հարսանյաց սրահ գնալուց առաջ:
2. Փնտրե՛ք ամսագրերում և ինտերնետային կայքերում, որպեսզի կողմնորոշվեք թե որ մոդելներին եք նախապատվություն տալիս: Ավելի լավ է գնալ հարսանյաց սրահ հստակ ցանկությամբ, այդ դեպքում Դուք հեշտությամբ կկարողանաք գտնել Ձեր երազանքների զգեստը:
3. Ինքներդ որոշե՛ք, արդյո՞ք ցանկանում եք վարձույթով վերցնել զգեստը, թե գնել: Այդ ամենը հաշվի առնելով՝ փնտրե՛ք համապատասխան հարսանյաց սրահներ:
4. Անցե՛ք սրահի ընտրությանը: Նայե՛ք սրահների կայքերը, եթե Ձեզ հետաքրքրել է որևէ կոնկրետ մոդել, զանգահարե՛ք խանութ-սրահ, և պարզե՛ք, արդյոք այդ զգեստը առկա է ներկա պահին (և արդյոք կա Ձեր չափսը):
5. Որոշե՛ք, թե ում հետ եք գնալու զգեստը փորձելու՝ ընկերուհու, մայրիկի թե Ձեր հարսանյաց կազմակերպչի: Ցանկալի է, որ Ձեզ հետ լինի այնպիսի մարդ, ով կաջակցի Ձեզ և կօգնի զգեստի ընտրության հարցում:
6. Սովորաբար սրահներում զգեստը փորձելու համար, առաջարկում են բարձր կրունկներ, որպեսզի հասկանալի լինի թե ինչ տեսք ունի զգեստը, բայց եթե Դուք ունեք կրունկի նախընտրելի բարձրություն, պատրաստեք Ձեր սեփական կոշիկները և վերցրեք դրանք Ձեզ հետ:
7. Հարսանյաց զգեստը փորձելու օրը կրեք ճերմակ կրծկալ, եթե նախապատվությունը տալիս եք ճերմակ զգեստի: Այդպիսով Դուք կտեսնեք, թե ինչպիսի տեսք կունենաք հարսանիքի օրը:
8. Եթե դուք արդեն ընտրել եք զգեստը, ապա խանութ սրահում փնտրեք զգեստին համապատասխան պարագաներ: Քողը ցանկալի է փորձել զգեստի հետ կամ գոնե ձեռքի տակ ունենալ քողի գործվածքի նմուշը:
9. Եթե դուք գտել եք Ձեզ համար կատարյալ զգեստ, հարցրեք խանութ սրահից, արդյոք նրանք ուղարկում են այն քիմմաքրման մինչ հարսանիքը, և արդյոք հնարավորություն կա այն նեղացնելու կամ ձևափոխելու:
10. Զգեստը գնելուց հետո անպայման փաթեթավորեք և ապահովեք այն պատշաճ խնամքով և ճիշտ պահպանման պայմաններով: Զգեստը պետք է արդուկել հարսանիքից մեկ օր առաջ: