Հոդվածներ
Շքեղ եզդիական հարսանիք, որը աչքի է ընկնում ժամանակակից լուծումներով
Հայաստանում ապրող ազգային ամենամեծ փոքրամասնության հարսանեկան ավանդույթները մշտապես հետաքրքիր են եղել բոլորի համար, քանի որ բոլորն էլ ուզում են իմանալ, թե իրենց կողքին ապրող մարդը իրենից ինչով է տարբերվում, իսկ երբ նա ներկայացնում է այլ մշակույթ, կրոն, առավել հետաքրքիր է դառնում, թե նրա ծիսակատարությունները, իսկ հարսանիքը նույնպես ծիսակատարություն է, ինչով է տարբերվում քո ազգին բնորոշ ավանդույթներից:
Մի քանի խոսք եզդի ազգի հարսանեկան ավանդույթների մասին:
Տղայի ծնողները աղջկա ձեռքը խնդրելիս, աղջկա համար տանում են զանազան զարդեր: Համաձայնության գալով, տղայի ծնողները իրենց բարեկամների հետ մի քանի շաբաթ անց կրկին գնում են աղջկա ծնողների մոտ, կրկին զարդեր ու նվերներ են տանում: Այդ արարողությունը կոչվում է շիրանի (մի ժամանակ, աղջկա գլխագին` ղալիմ էր պահանջվում, որն հիմա վերացել է Հայաստանաբնակ եզդիների մոտ շնորհիվ եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանի, քանի որ որոշ չքավոր ընտանիքների երիտասարդներ չէին կարողանում ամուսնանալ): Որոշ ժամանակ անց արդեն գնում են աղջկան հարս բերելու:
Փեսայի տան մոտ մի բերքատու ծառ է զարդարվում, որ նորապսակները բերքատու լինեն այդ ծառի նման: Տղան ծառի վրայից վերցնում է մի կարմիր խնձոր, դրանով խփում աղջկա գլխին, որ նա խնձորի նման գեղեցիկ ու առողջ երեխա ունենա: Ծիսական արարողություն է նաև ծառը հարսի գլխին թափ տալը, տղային բռնելը, որ նրա գլխարկը հանկարծ չփախցնեն, որը անպատվություն է համարվում: Վերջապես տղան մոտենում է վարագույրի հետևում կանգնած հարսնացուին, երեք անգամ ոտքով սեղմում նրա ոտքը և նրանք միասին դուրս են գալիս հարսանքավորների առջև:
Այդ օրը հարսի օժիտի հետ միասին ձիով կամ մեքենայով տղայի տուն է տարվում նաև հարսի պատրաստած զարդաբարձիկը (բալգիե բուկե), որը վաճառվում է փեսային:
Հարսնացուն ոտքով ջարդում է իր ոտքի տակ դրված երկու ափսեները` որպես չարի խափանման նշան և մտնում է փեսացուի տուն:
Wedding.am-ը ներկայացնում է համացանցում տեղ գտած եզդի ժողովրդի բավականին յուրօրինակ հարսանիք այն իմաստով, որ, թեև, եզդիական ավանդույթները այլ են, այնուամենայնիվ, այս հարսանիքը աչքի է ընկնում ժամանակակից միտումներով: