Հոդվածներ
Հարսանեկան ավանդույթները Գավառում
Գավառում ընդունված է բավականին վաղ տարիքում ամուսնանալը: Հիմնականում երիտասարդներն ամուսնանում են նույնիսկ միմյանց լավ չճանաչելով, քանի որ հաճախ տղայի ծնողներն են իրենց որդու համար հարսնացու ընտրում, իսկ փեսային մնում է միայն իր համաձայնությունը տալ: Իսկ ինչ վերաբերում է հարսին, ապա միայն հարսի ծնողների համաձայնությունն էլ բավական է: Կարևորն այն է, որ տղան խելոք ու աշխատող լինի, իսկ հարսն էլ իր հերթին հլու հնազանդ, արագաշարժ, աշխատասեր, մի խոսքով ընտանիքի խելոք երեխա: Քանի որ գավառում բոլորը միմյանց բարեկամ ու ծանոթ են, հետևաբար սկզբում ճշտում են, թե քանի սերունդ է նրանց միջև ընկած (հարազատ լինելու դեպքում), թույլատրելի է նրանց ամուսնությունը , թե՞ ոչ:
Ինչպես գիտենք Գավառի բնակչությունն ուտող-խմող, քեֆ անող ժողովուրդ է: Նշանանադրության արարողությունն ամբողջովին հարսի կողմն է անում` մեծ շուքով, առատ սեղաններով, իսկ հարսանիքն ամբողջությամբ կազմակերպում է փեսայի կողմը:
Հարսանիքի օրն առավոտյան փեսայի տուն են ուղարկում հարսի գլխագինը (օժիտը), որը պետք է սկեսուրի հավանությանն արժանանա: Այնուհետև փեսայի կողմն իր հերթին ուղարկում է հարսանյաց զգեստը: Գավառի հարսանիքի ավանդույթներից է նաև այն, որ հարսանյաց սրահում հարսն ու փեսան այնքան ժամանակ են կանգնած մնում, մինչև սկեսուր մայրիկը նվեր տա հարսին: Նվերը նա կարող է մատուցել երբ ցանկանա, այսինքն հարսը կարող է կանգնած մնալ մեկ կամ երկու ժամ (նայած սկեսուր), այն ստանալուց հետո նոր հարսն իրավունք ունի նստելու:
Գավառի հարսանեկան ավանդույթներից մյուսը նորից կապված է օժիտի հետ (ինչպես հասկացանք Գավառի բնակչության համար օժիտը մեծ նշանակություն ունի): Հարսանեկան արարողության վերջում, բոլոր կանայք ուղևորվում են դեպի փեսայի տուն` օժիտի բացմանը ներկա գտնվելու: Գոլություն ունի “օժիտը բացող” հասկացությունը , ով մանրամասնորեն այն ներկայացնում է սկսած հարսի ամենափոքր անձնական իրերից մինչև կահույք, կենցաղային տեխնիկա և այլն: Այնուհետև խնամիներն իրենց աղջկան հրաժեշտ են տալիս ու մաղթում բարի գիշեր:
Գավառի հարսանեկան ավանդույթների շարքում տեղ չի զբաղեցնում “Կարմիր խնձոր” հասկացությունը: Գավառի բնակչությունն այն անիմաստ ու հետամնաց է համարում: Միգուցե պատճառն այն է, որ 100%-ով վստահ են իրենց աղջիկների վրա: