Հոդվածներ
Խոսքկապ
Հարսնացու ընտրելուց հետո գործողություններն անցնում էին հաջորդ փուլ: Ընտրում էին երկու ընտանիքներին էլ քաջածանոթ կին միջնորդներ: Նրա դերը հարսանիքը գլուխ բերելու գործում շատ կարեւոր էր: Վերջինս պետք է համոզեր հարսի մորը, որ փեսան շատ լավ, "գտած" տղա է: Համոզվելուց հետո հարսի մայրն իր հերթին պետք է նույն բանը համոզեր իր խստաբարո ամուսնուն: Հաջողություն ապահովելու համար փեսայի ծնողները միջնորդ կնոջ այցի ժամանակ իրենց տան սյունից կախում էին մեծ գդալ, որն, ամենայն հավանականությամբ, ընդհանուր, համատեղ խոհանոցի խորհրդանիշ էր: Միջնորդ կնոջ գաղափարը պահպանվում է մինչ օրերս, քանզի նա կարողանում է շրջանցիկ ճանապարհներով առկա մտադրությունների մասին տեղյակ պահել երկու ընտանիքներին էլ, սակայն ի տարբերություն մեր նախնիների եւ ի բարեբախտություն մեզ այժմ սյուներից գդալներ չեն կախում:
Դրական պատասխան ստանալուց հետո աղջկա տուն "ուղեւորվում էին" պատվիրակները`տղայի մայրը եւ քեռին: Նրանց այցի մասին նախօրոք իմաց էր տրվում աղջկա կողմին, հավանաբար, պատշաճ ընդունելություն կազմակերպելու համար: Խնամիների խոսքը ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է հետեւյալ տեսքը. "Մենք եկել ենք` ձեր օջախից մի բուռ կրակ տանելու եւ շեն պահելու մեր օջախը ..." կամ "քար տանելու եւ մեր շենքը կառուցելու ..." և այլն: Մեր ժամանակներում նույնիսկ դժվար է գնահատական տալ նման խոսքերին: Նշենք, որ ոչ մի դեպքում աղջկա կողմին չէր թույլատրվում միանգամից համաձանել: Հարսի գինը բարձրացնելու համար խոստանում էին մտածել: Հաճախ խոսքկապը գլուխ բերելու համար տղայի ծնողները երեքից-չորս անգամ նույն տեքստով գալիս էին հարսի տուն: Եվ միայն աղջկա հոր ազդու պատասխանից հետո վերջ էր դրվում բեմականության այդ մասին: Սակայն հայրն իր հերթին չոր, կոշտ ու կոպիտ "հա" չէր ասում, այլ նույն կերպ` այլաբանորեն. "Մենք պատրաստ ենք մեր թաշկինակը տալ ձեզ": Համոզված ենք, որ աղջկան ավելի դուրեկան էր քար ու կրակ լինել, քան թաշկինակ:
Մինչեւ դրական պատասխանը իրավունք չունեին հյուրասիրել խնամիներին, քանզի եթե հաց տաս, աղջկադ էլ պիտի տաս: Որքան էլ տարօրինակ լինի, բայց աղջկա հայրը սեփական համաձայնությունը տալուց հետո հրապարակավ հարցնում էր նաեւ աղջկա կարծիքը: Սակայն ոչ մի աղջիկ երբեւէ համարձակություն չուներ հոր խոսքից դուրս գալ:
Հ.Գ.- Բնականաբար, խոսքկապի կամ հարսնատեսի ժամանակ բոլորը հարսից ջուր էին ուզում, որ տեսնեն հո չի կաղում, ձեռքերը չեն դողում, շլդիկ չի եւ այլն: Կարծիք կա, նաև, որ ջուր խնդրում էին, որպեսզի խմելու ընթացքում հնարավոր լիներ հարսին ոտքից գլուխ հանգիստ ուսումնասիրել: Այս դեպքում հարսին դիտելը այդքան էլ տգեղ չէր դիտվի: