Հոդվածներ
Ինչու վիրտուալ շփումները հետագայում չեն վերածվում լուրջ հարաբերությունների
Wedding.am-ը անցկացնում է գեղեցիկ մրցույթ: Մանրամասներ
Հարց ընթերցողից.
Համացանցով ծանոթացել եմ բավականին համակրելի երիտասարդի հետ, մոտ 4 ամիս շփումից հետո որոշեցինք հանդիպել: Սակայն այդ առաջին հանդիպումը դարձավ վերջինը, թեև մինչ այդ մենք նույնիսկ արդեն մեր հարսանիքն էինք պլանավորել, շատ ինտենսիվ շփվում էինք, սակայն հանդիպումից հետո նա սառեց ու դա պատճառաբանեց նրանով, որ չի սիրահարվել: Հանդիպումից մի քանի օր անց նա կրկին սկսեց գրել ու հիմա պարզապես շփվում ենք:
Խնդրում եմ խորհուրդ տալ՝ ինչպե՞ս վարվել նման իրավիճակում, արդյո՞ք ճիշտ է մեր հետագա շփումը:
Հարցին պատասխանում է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան-խորհրդատու Էմմա Արզիևան:
Պատասխան.
Վիրտուալ շփումներն իրենց տարածվածությամբ աչքի են ընկնում, ի համեմատ իրական շփումների: Եվ դրա ամենագլխավոր պատճառն ու բացատրությունն այն է, որ անձն իրեն շատ ավելի ինքնավստահ է զգում տանը, համակարգչի դիմաց նստած, քան որ կա իրականում: Դրա վառ ապացույցը շռայլ մեկնաբանություններն են, որոնք թողնվում են օգտատերերի կողմից տարբեր նկարների ու փոստերի տակ:
Մյուս՝ շատ ուշագրավ պատճառներից մեկն է գրավոր խոսքի ավելի զարգացած լինելը, քան բանավոր խոսքը: Գրավոր խոսքում մենք չենք կաշկանդվում, չենք կմկմում, մտածելու և խորհելու ժամանակ ենք ունենում: Հուզականության բացն էլ լրացնում են տարատեսակ ՛՛սմայլերը՛՛: Սակայն մարդիկ հաճախ մոռանում են վիրտուալ շփումների հիմնական թակարդի մասին: Շփվելով համացանցում՝ մենք, անկախ մեր կամքից ստեղծում ենք մտապատկերներ, որոնք սկսում ենք վերագրել վիրտուալ ընկերոջը: Արտաքին տվյալներից սկսած, մինչև բնավորության առանձնահատկություններ, սակայն այդ մտապատկերները ոչ միայն կարող են չափազանցված լինել, այլև ընդհանրապես չհամապատասխանել իրականությանը: Այսինքն՝ վիրտուալ շփման ժամանակ, մենք աղճատում ենք իրականությունը: Իսկ աղճատված իրականության մեջ ապրող մարդը դժվար թե կարողանա ռացիոնալ որոշումներ կայացնել:
Wedding.am-ը անցկացնում է գեղեցիկ մրցույթ: Մանրամասներ
Ինչ վերաբերվում է հերոսուհուն, ով չի կողմնորոշվում շարունակի հետագա շփումը, թե ոչ, կպատասխանեմ հետևյալ կերպ. <<Այն շփումը, որը նպաստում է իմ զարգացմանը, ինձ դրական լիցքեր է հաղորդում, ապահովում է տրամադրության իմ՝ դրական ֆոնը, միանշանակ արժե շարունակել, բայց եթե այդ շփումն ինձ էլ ավելի շփոթեցնում ու խճճում է, ավելի շատ բացասական հույզեր ու ապրումներ է տալիս, խլում է իմ ժամանակը, որը ես կարող էի ավելի օգտակար ծախսել, կարծում եմ, ոչ խելամիտ կլինի այն շարունակել>>: