Հոդվածներ
Ինչպես հաղթահարել նախաամուսնական վախերը
Հարցը Wedding.am-ին է ուղարկել 25-ամյա մի աղջիկ (անունը խնդրել է չնշել):
Հարց. Արդեն 1,5 տարի է, ինչ նշանադրված ենք, և մոտ մեկ ամսից սպասվում է մեր հարսանիքը: Սակայն հարսանիքը նշանակելու օրից սկսած ունեմ ներքին վախ ու կասկածներ՝ արդյո՞ք ճիշտ ընտրություն եմ արել, կամ պե՞տք է ամուսնանամ, թե ոչ: Ու այս ամենով հանդերձ նշեմ, որ ես շատ եմ սիրում իմ ընտրյալին ու ինքնակամ ընտրություն եմ արել:
Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս հաղթահարել այդ վախերս ու ճիշտ լուծում գտնել:
Հարցին պատասխանում է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան-խորհրդատու Էմմա Արզիևան:
Պատասխան.
Նկարագրված իրավիճակը բավականին մեծ տարածում ունի ամուսնության շեմին կանգնած աղջիկների շրջանում, ովքեր պատրաստվում են առաջին անգամ ընտանիք կազմել: Այդ մտավախությունը լինում է երկուստեք, սակայն աղջիկների մոտ շատ ավելի հաճախ: Նման անհավասարության պատճառն այն է, որ ի սկզբանե, մեր երկրում տղամարդուն սխալվելու ավելի մեծ հնարավորություն է տրված: Ամուսնալուծված տղամարդն ավելի հեշտությամբ երկրորդ, երրորդ անգամ կամուսնանա, քան նույն կարգավիճակում գտնվող կինը:Նկարագրված վախերի ու տագնապի պատճառները խիստ տարաբնույթ են ու մեծամասամբ կապված են անհատական առանձնահատկություններով, բայց միևնույնն է կա նաև ընդհանրություն: Ամենակարևոր պատճառներից մեկը ես արդեն նշեցի` սխալվելու վախը, սխալվել ու ծանր դրության մեջ դնել թե' ընտանիքին, թե' ինքն իրեն: Եվ հազվադեպ չեն այն դեպքերը, երբ իրոք ապերջանիկ կինը չի բաժանվում, քանի որ չի ուզում ձեռք բերել սոցիալական պիտակ, որը կցավեցնի առաջին հերթին իր հայրական ընտանիքին, հետո նաև իրեն:
Մյուս պատճառը նորից աչքի է ընկնում իր տարածվածությամբ, երբ զույգերի մոտ սերը վեր է ածվում յուրահատուկ տիպի "սավանի"` թաքցնող և փոխհատուցող երկկողմանի թերություններն ու թուլությունները: Թե ինչպես կարելի է ձերբազատվել այդ կասկածներից ու տագնապից, նորից անհատական է, և կարող է թերապևտիկ միջամտության անհրաժեշտություն ունենալ: Բայց որպես հուշում, կարող եմ համառոտ ներկայացնել կոգնիտիվ-վարքաբանական թերապիայից մի տեխնիկա: Սկզբում անհրաժեշտ է թղթի վրա գրել, ներկայացնել կոնկրետ վախը, այնուհետև չափել նրա ուժգնությունը` 0-10 միավորով: Եթե վախի ուժգնությունը չի գերազանցում 4-ը, նույնիսկ 5-ը, ապա այդ վախը իրականում նորմալ պատասխան ռեակցիա է էուսթրեսին (այս դեպքում՝ ամուսնությանը), բայց եթե այն իրոք գերազանցում է նշված շեմը, կարելի է գրանցվել հոգեբանական այցի: Շնորհակալություն հերոսուհուն հարցի համար:
Լուսանկարները՝ Beautiful Day Production-ի